Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի, թե ուկրաինական իրադարձությունների հետևանքով ԵԱՀԿ Մինսկ խումբը չի՞ կորցնում գործունակությունը, երբ համանախագահները հայտնվում են բարիկադի տարբեր կողմերում:
-Այդ շատ կարևոր ձևաչափը կարող է քանդվել, քանի որ վտանգվում է ԵԱՀԿ-ի գոյությունը որպես կազմակերպություն: Երբ Հելսինկիում 1975-ին ստեղծվում էր ԵԱՀԿ-ն, գլխավոր դերակատարներն էին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, միայն նրանք վետոյի իրավունք ունեն, կառույցը երկու բևեռները հավասարակշռելու համար էր: Երբ Ռուսաստանը մեկուսանում է, ԵԱՀԿ-ի դերը փոխվում կամ ձևափոխվում է, ու չի բացառվում, որ ինչ-որ պահից ՄԽ ձևաչափը դադարի գոյություն ունենալ: Այսօր էլ բանակցությունները ակտիվ չեն, բայց գործընթացը շարունակվում է, իսկ ՄԽ ձևաչափի դադարի դեպքում հետագա զարգացումները անկանխատեսելի են դառնում: Եթե Ռուսաստանն ինչ-որ երաշխիք տվել է, պետք է ասվի, բայց եթե չկան երաշխիքներ, մենք վտանգի տակ ենք: Մի քանի օրում ռուսական քարոզչամեքենան կարողացավ ապակողմնորոշել մեծ երկիրը՝ առավել ևս մեզ նման երկիրը քանդելը դժվար չէ: Եթե գլոբալ ու տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու համար Ռուսաստանն ասի, որ Ղարաբաղը կտա Ադրբեջանին, Թուրքիան մի ժամում կփոխի իր դիրքորոշումը Ղրիմի հարցում և կպարզի, որ Ղրիմը հավերժ ռուսական տարածք է եղել: Ռուսական քարոզչական մեքենան մեծ ազդեցություն ունի Հայաստանում, մի օրում կարծիք կարող է փոխել և այնպիսի տպավորություն ստեղծել, որ Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը: Այսօր աշխարհը շատ դինամիկ է, եթե մենք մեզ չպահենք որպես սուբյեկտ, այլ հանդես գանք օբյեկտի դերով, Ռուսաստանը կարող է կրկնել 1921 թ. սցենարը, ոչ թե մեզ դավաճանելով կամ մեզ դեմ լինելով, այլ՝ իր հարցերը լուծելու ու լիակատար մեկուսացումից մեր հաշվին դուրս գալու համար: Մենք պիտի դիվանագիտական ակտիվություն դրսևորենք՝ պաշտպանելու մեր անվտանգությունը բոլոր ոլորտներում: Այդ թվում՝ տեղեկատվական: Ո՞վ է Դմիտրի Յարոշը: Մարդ, որ Ռուսաստանի դեմ ոչինչ չի ասել՝ քաղաքականությունը նրա ոլորտը չէ, նա պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց ռուսական քարոզչամեքենան նրան դարձրեց ֆաշիստ ու ազգայնական: Մեզ մոտ նույնիսկ Բանդերային խառնում են Բենդերայի հետ: Բենդերան քաղաք է, իսկ Ստեպան Բանդերան հայկական Դրոն է՝ մարդ, որ անցավ գերմանացիների կողմը, որպեսզի եթե նրանք հաղթեն, Հայաստանը հարվածի տակ չընկնի: Մարտահրավերները, կարծես, ուղղակիորեն Հայաստանին ուղղված չեն, բայց զարգացումները վերաբերելու են մեզ, դա անխուսափելի է, ուստի մենք պետք է հնարավորինս պատրաստված լինենք:
Ստեփան Գրիգորյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի մարտի 14-ի համարում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ